Այսօր Ֆուտբոլային սկաուտ շարքի հերթական մասի հերոսները հարձակման գիծը ներկայացնող ֆուտբոլիստներ են, ովքեր իրենց առաջնություններում կամ արդեն ճանաչվել են լավագույն ռմբարկուներ, կամ հավակնում են այդ կոչմանը։
Ընդգծենք, որ մեր ցանկում ընդգրկել ենք ոչ թոփ-5 առաջնությունների ներկայացուցիչներին, որոնց, հավանաբար, մոտ ապագայում կտեսնենք արդեն առաջատար լիգաները ներկայացնող ակումբներում։
Սթիվեն Բերգեյս
🇳🇱 Նիդերլանդներ
«Ֆեյենորդ»
28 տարեկան
Բերգեյսին դժվար թե կարելի է դասել երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստների շարքին, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ նա այլևս հնարավորություն չունի ուժերը փորձել թոփ-5 առաջնություններից որևէ մեկում։ Մի քանի տարի առաջ նա այդպիսի հնարավորություն ստացավ, երբ տեղափոխվեց «Ուոթֆորդ»․ նրա անգլիական գործուղումը, մեղմ ասած, պսակվեց անհաջողությամբ, և նա կրկին վերադարձավ հայրենիք։ Բայց դրանից հետո ֆուտբոլիստի կարիերան սկսեց միայն առաջընթաց ապրել․ արդեն երրորդ մրցաշրջանն է, ինչ նա իր հաշվին գրանցում է երկնիշ թվերով գոլեր մրցաշրջանների արդյունքներով։ Իսկ այս տարի, Նիդերլանդների՝ ժամկետից շուտ ավարտված առաջնությունում, Բերգեյսը «Հերակլեսի» հարձակվող Դեսերսի (վերջերս տեղափոխվեց «Գենկ») հետ միասին ճանաչվեց Էրեդիվիզիի գլխավոր ռմբարկու․ նրանցից յուրաքանչյուրն իր ակտիվում գրանցել էր 15 գոլ։ Շատ ֆուտբոլիստների մոտ 27-30 տարեկան տարիքը համարվում է խաղային պիկի ժամանակահատված, այնպես որ, հնարավոր է` այս ամառ Սթիվենը կրկին փորձի ուժերը էլիտար առաջանություններից որևէ մեկում։
Ջոնաթան Դեյվիդ
🇨🇦 Կանադա
«Գենտ»
20 տարեկան
Այս մրցաշրջանը իսկապես կարելի է համարել լավագույններից մեկը կանադացի ֆուտբոլիստների համար։ Մինչ Բունդեսլիգայում իր խաղով բոլորին հիացնում էր «Բավարիայի» երիտասարդ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը, Բելգիայի առաջնությունում փայլում էր մեկ այլ կանադացի, բայց արդեն հարձակվող Ջոբաթան Դեյվիդը։ Արդեն երկրորդ մրցաշրջանն է անընդմեջ, ինչ նա հատում է 10 գոլի շեմը Բելգիայի առաջնության շրջանակներում, և դա չի կարող վրիպել ավելի բարձրակարգ ակումբների սկաուտների աչքերից։ Բելգիայի վաղաժամ ավարտված առաջնությունում Դեյվիդը (18 գոլ) կիսում է լավագույն ռմբարկուի կոչումը Մբոկանիի հետ (սակայն լրացուցիչ ցուցանիշներով հենց Դեյվիդն է լավագույնը. Մբոկանին 18 գոլերից 5-ը խփել է 11-մետրանոցից, իսկ Դեյվիդը՝ 18-ից 3-ը)։ Վերջերս հայտնի էր դարձել, որ 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Էվերտոնը»։ Դեյվիդը, անկասակած, այս ամառային տրանսֆերային պատուհանի ամենացանկալի լոտերից մեկն է լինելու։
Կարլոս Վինիցիուս
🇧🇷 Բրազիլիա
«Բենֆիկա»
25 տարեկան
Երբ «Բենֆիկան» նախորդ ամռանը 17 մլն եվրո վճարեց «Նապոլիին» բարձրահասակ հարձակվողի համար, շատերի մոտ դա զարմանք առաջացրեց․ ինչո՞ւ այդքան գումար վճարել բրազիլացի հարձակվողի համար, ով ընդամենը 2 գոլ էր խփել «Մոնակոյի» կազմում նախորդ մրցաշրջանում (բրազիլացին այդպես էլ երբեք հանդես չեկավ «Նապոլիի» կազմում՝ վարձավճարով խաղալով «Ռիո Ավեում» և «Մոնակոյում»)։ Սակայն, ինչպես այժմ տեսնում ենք, Վինիցիուսի տրանսֆերը երևի թե լավագույններից է պորտուգալական լիգայի այս մրցաշրջանում։ 28 խաղ, 17 գոլ Պորտուգալիայի այս առաջնությունում, և դեռ մի քանի տուր կա մինչև մրցաշարի ավարտը։ Այս տեմպերով նրան շուտով կարող ենք տեսնել որևէ գրանդ ակումբում, չէ՞ որ նա ընդամենը 25 տարեկան է, և նրա մոտ դեռ ամեն ինչ առջևում է․․․
Ժան-Պիեր Նսամե
🇨🇲 Կամերուն
«Յանգ Բոյս»
27 տարեկան
Շվեյցարիայի առաջնությունը դեռ ավարտված չէ, մրցանակային տեղեր զբաղեցնող թիմերի անունները դեռևս պարզ չէ, բայց մի բան արդեն ակնհայտ է՝ առաջնության լավագույն ռմբարկուն կճանաչվի «Յանգ Բոյսի» հարձակվող Նսամեն։ Նյութը գրելու պահին 27-ամյա հարձակվողի ակտիվում 23 գոլ է, իսկ առաջնությունը դեռ շարունակվում է և այդ թիվը կարող է էլ ավելի մեծանալ։ Ինչո՞ւ ենք կարծում, որ հենց Նսամեն կդառնա լավագույնը ալպյան առաջնությունում․ պարզապես ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Իտտենը («Ստ․ Գալեն») այս պահին աչքի է ընկել 13 անգամ։ Դժվար թե շվեյցարացի հարձակվողը կամ մեկ այլ ֆուտբոլիստ առաջիկա մի քանի տուրերում գերազանցի մեր այսօրվա հերոսի ցուցանիշը։ Կամերունացի հարձակվողը ֆրանսիական «Անժերի» սան է։ Նա Շվեյցարիա է տեղափոխվել 4 տարի առաջ՝ «Սերվետ», որտեղ առաջին իսկ մրցաշրջանում դարձել է 23 գոլի հեղինակ, որից հետո տեղափոխվել է ներկայիս ակումբ ու շարունակում է արդյունավետ ֆուտբոլ խաղալ (13 և 15 գոլ նախորդ երկու մրցաշրջաններում), իսկ այս մրցաշրջանը լավագույնն է նրա կարիերայում։ Միգուցե ժամանակն է փորձե՞լ ուժերը թոփ-5 առաջնություններում․․․
Շոն Վեյսման
🇮🇱 Իսրայել
«Վոլֆսբերգեր»
24 տարեկան
Տեղափոխվենք հարևան Ավստրիա, և այստեղ մեզ անակնկալ է սպասվում։ Անակնկալ է, որ առաջնության ռմբարկուն ներկայացնում է ոչ թե տեղի գրանդը՝ «ՌԲ Զալցբուրգը», այլ համեստ «Վոլֆսբերգերը»։ Ավստրիական ակումբը այս մրցաշրջանում բավականին հաջող է հանդես գալիս՝ մասնակցելով նաև Եվրոպա լիգայի խմբային փուլին։ Այս թիմում, միանշանակ, առանձնանում է 24-ամյա իսրայելցի հարձակվող Վեյսմանը, ով ներկա պահին արդեն հասցրել է 30 անգամ տխրեցնել ավստրիական Բունդեսլիգայի դարպասապահներին։ Ֆիզիկապես լավ պատրաստված, ոչ բարձրահասակ, սակայն երկրորդ հարկում բավականին լավ հանդես եկող կենտրոնական հարձակվողը արդեն իր վրա է հառել եվրոպական թոփ առաջնությունների մի շարք ակումբների ուշադրությունը, և «Վոլֆսբերգերին» դժվար կլինի պահել նրան թիմում։ Մյուս կողմից էլ, կարելի բավականին կլորիկ գումար աշխատել նրա տրանսֆերից։ Հատկանշական է, որ ֆուտբոլիստը ավստրիական ակումբում հայտնվել է անվճար, երբ նախորդ ամառ «Մակկաբի Հայֆայից» տեղափոխվեց «Վոլֆսբերգեր» ազատ գործակալի կարգավիճակով։
Վար Բաբայան
Շարքի նախորդ մասերը
ՌԲ Լայպցիգը՝ ապագա աստղերի դարբնոց
Դեղձանիկները դեռ կճախրեն ֆուտբոլային երկնակամարում
Շոտլանդիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները
Լավագույնները Ա Սերիայի նկուղում
Ամերիկացիների երիտասարդ դեսանտը Եվրոպայում
Բեռլինում նոր աստղեր են հասունանում
Երիտասարդ գլադբախցիներն ու դեղագործները՝ համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղեր
Ֆրանսիայի առաջնության գլխավոր բացահայտումները
Հաշվենկատ Վերոնան և հավակնոտ Բոլոնյան՝ ցատկահարթակ ֆուտբոլային էլիտա
Քեյ-ֆուտբոլի (K-Football) ակնկալիքով
Երիտասարդ աղվեսների ոդիսականը շարունակվում է
Ֆուտբոլային սկաուտ․ Ռեալ Սոսեյդադ, Սևիլյա
Ֆուտբոլային սկաուտ․ Ատալանտա, Լացիո
Ֆուտբոլային սկաուտ․ Վուլվերհեմփթոն, Էվերտոն
Ֆուտբոլային սկաուտ․ Վերդեր, Այնտրախտ
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 3)
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 2)
Էրեդիվիզիի ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 1)
Պորտուգալիան՝ ցատկահարթակ դեպի մեծ ֆուտբոլ
Բելգիան շարունակում է մնալ ապագա աստղերի դարբնոց (Մաս 2)
Բելգիան շարունակում է մնալ ապագա աստղերի դարբնոց (Մաս 1)
Սամուրայների նոր սերունդը Եվրոպայում
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 2)
Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները (Մաս 1)
MLS-ի 7 ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փայլել Հին աշխարհում