«Լիվերպուլը» 30 տարվա դադարից հետո նվաճեց ֆուտբոլի Անգլիայի չեմպիոնի կոչումը։ Հեռավոր 1990 թվականից հետո մերսիսայդյան ակումբին չէր հաջողվում դառնալ Անգլիայի լավագույն թիմ։
1992 թվականին Պրեմիեր լիգայի ստեղծումից հետո «Լիվերպուլը» երբեք չէր հաղթել այս մրցաշարում։ «Կարմիրները» բազմաթիվ անգամ մոտ են եղել հաջողությանը, ինչպես օրինակ 2018-19 թվականների մրցաշրջանում, սակայն տիտղոսին նրանք սպասեցին ուղիղ 30 տարի։
Այս պահին Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը ունի 86 միավոր և արդեն անհասանելի է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիի» համար, որը քիչ առաջ պարտվեց «Չելսիին» 1-2 հաշվով։ Հենց այս արդյունքից հետո էլ «մերսիսայդցիները» անհասանելի դարձան բոլորի համար։
«Լիվերպուլը» իր փառահեղ պատմության ընթացքում 19-րդ անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը և առաջին անգամ վերջին 30 տարում։
Շնորհավորում ենք «Լիվերպուլի» բոլոր երկրպագուներին անչափ երկար սպասված չեմպիոնության և պատմական մրցաշրջանի համար։