Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Ռեալից» «Յուվենթուս» գրեթե չի ազդել Իսպանիայի առաջնության վրա։
«Ռոնալդուի հեռանալը գրեթե զրոյական ազդեցություն է թողել մեզ վրա, որովհետև Լա լիգան տարիներով պատրաստվել է նրան, որ իր բրենդը ավելի լավը լինի, քան մեկ ինդիվիդուալ ֆուտբոլիստինը։
Բայց Մեսսիի պարագայում այլ իրավիճակ է։ Նա ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Մեր բախտը բերել է, որ նա խաղում է միայն մեր լիգայում։ Կարծում եմ՝ Մեսսիի հեռանալու դեպքում մենք կզգայինք դա։ Մանավանդ եթե նա հեռանար այլ առաջնություն։
Սակայն նրա հեռանալը աղետ չի լինելու, քանի որ մենք ստորագրելու ենք հեռուստատեսային պայմանագրեր թե՛ Մեսսիի հետ, թե՛ առանց նրա»,-ասել է Տեբասը RAC1-ի եթերում։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն 2018 թվականի ամռանը «Ռեալից» տեղափոխվեց «Յուվենթուս»։