«Նորվիչ Սիթին» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ ակումբի ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորոնավիրուսով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՊԼ-ի՝ կորոնավիրուսի հերթական թեստավորման արդյունքում վարակման 2 նոր դեպք է բացահայտվել:
BBC-ի տեղեկություններով, «Նորվիչ Սիթիի»՝ վարակված ֆուտբոլիստը, որի անունը չի բացահայտվել ակումբի տարածած հաղորդագրության մեջ, մասնակցել է «Տոտենհեմի» հետ ընկերական խաղին, որը կայացել է այս շաբաթ:
Պրեմիեր-լիգայի կանոնակարգի համաձայն, ֆուտբոլիստը 7 օր կլինի ինքնամեկուսացման մեջ, ինչից հետո կրկնակի թեստավորում կանցնի: Եթե պատասխանը բացասական լինի, ֆուտբոլիստը կկարողանա վերադառնալ թիմի հետ մարզումներին:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Անգլիայի առաջնությունը մարտին դադարեցվել է և կվերսկսվի հունիսի 17-ին: Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը»՝ 29 խաղից հետո վաստակելով 82 միավոր: