«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը անհնար է համարում ամռանը կատալոնական ակումբից իր հեռանալը։
«Իմ հեռանալն այս ամառ անհնար է։ Գործակալս արդեն առաջին հանդիպումն է ունեցել ակումբի հետ, սակայն կորոնավիրուսի համավարակի ընթացքում պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ժամանակ չի եղել։ Այս ժամանակներում շատ մարդիկ իրենց կյանքի համար են անհանգստանում, մենք որոշել ենք ամեն ինչ հետաձգել։ Ինչպես ես, այնպես էլ ընտանիքս, մեզ լավ ենք զգում Բարսելոնայում»,- տեր Շտեգենի խոսքերն է փոխանցում AS-ը։
27-ամյա դարպասապահը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2014-ի ամռանը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։ Տրանսֆերի արժեքը կազմել էր 12 մլն եվրո։ Պրիմերայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 26 խաղի, բաց թողել 29 գոլ։ «Բարսայի» հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվական։