«Վալենսիան» արձագանքել է «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինիի խոսքերին, որը նախօրեին հաղորդել էր, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի օրը ինքն արդեն վարակված է եղել կորոնավիրուսով։
««Վալենսիան» ուզում է հրապարակավ իր զարմանքը հայտնել կապված նրա հետ, որ ՉԼ 1/8 եզրափակչի մրցակցի մարզիչը խոստովանել է, որ մարտի 10-ին Մեստալում կայացած խաղի օրը իմացել է, որ կորոնավիրուսի ախտանշաններ ունի։ Ընդ որում նա պրոֆիլակտիկ միջոցներ չի ընդունել՝ մեծ թվով մարդկանց վտանգի տակ դնելով Վալենսիա կայացած նրանց ուղևորության ժամանակ ու այնտեղ լինելով»,-ասվում է ակումբի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ։
Երկու խաղի արդյունքով «Ատալանտան» հաղթեց 8-4 հաշվով ու դուրս եկավ ՉԼ քառորդ եզրափակիչ։