«Վալենսիայի» արգենտինացի պաշտպան Էզեկիել Գարայը հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, որն ավարտվում է հունիսի 30-ին։ Այս տեղեկությունը հաստատում է Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով Radioesport-ին։
Աղբյուրի տվյալների համաձայն՝ իսպանական ակումբը ֆուտբոլիստին տարեկան 2,7 մլն աշխատավարձով պայմանագիր է առաջարկել։ Պայմանագրում նաև եղել է կետ, ըստ որի, եթե արգենտինացին մյուս մրցաշրջանում 20 խաղ անցկացնի, պայմանագիրն ավտոմատ կերկարաձգվի ևս մեկ տարով։ Գարայը մերժել է այս առաջարկն ու ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից։
Գարայը «Վալենսիա» էր տեղափոխվել 2016-ի ամռանը «Զենիթից»։ Տրանսֆերի արժեքը կազմել էր 20 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա պաշտպանը մասնակցել է Իսպանիայի առաջնության 17 խաղի՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով ու ստանալով երկու դեղին քարտ։