Թուրինի «Յուվենտուսը» համաձայնության է եկել թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ հղում կատարելով Gazzetta dello Sport-ին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ նոր պայմանագիրը կստորագրվի, երբ ֆուտբոլիստի գործակալը կարողանա մեկնել Իտալիա։ Այս պահի դրությամբ գործակալի մեկնումը հնարավոր չէ, քանի որ Իտալիայի սահմանը փակ է կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Դիբալայի նոր պայմանագիրը կգործի մինչև 2025 թվականի ամառ։ Խաղացողի աշխատավարձը կբարձրանա։ Հիմա նա տարեկան 7,5 միլիոն եվրո է ստանում։
Դիբալան «Յուվենտուս» էր տեղափոխվել 2015-ի ամռանը «Պալերմոյից»։ Տրանսֆերի արժեքը կազմել էր 40 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը Ա Սերիայում 24 խաղ է անցկացրել, խփել 7 գոլ ու դարձել 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ակումբի հետ պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականի ամառ։