Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունն այս անգամ անցկացվում է նոր ձևաչափով․ մեդալների համար պայքարին մասնակցում են միայն վեցնյակում գտնվող թիմերը։
Այս տարբերակով առաջնության անցկացումը պարզվեց շատերի սրտով չէ․ հարմար չէ քիչ թիմեր ունեցող մրցաշարին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՖՖ-ն հարցում է ուղարկել ԲԽ ակումբներին առաջնության վերսկսման և անցկացման կարգի վերաբերյալ։ Ֆուտբոլի ֆեդերացիան երկու տարբերակ է առաջարկել․ առաջին տարբերակով առաջարկվել է պահպանել գործող կարգը, իսկ երկրորդ տարբերակով՝ առաջնությունը շարունակել ևս մեկ համարժեք երրորդ փուլով՝ բոլոր ինը թիմերի մասնակցությամբ:
Փորձելով պարզել, թե ինչ է գրել 5-րդ հորիզոնականում գտնվող «Արարատն» ի պատասխան՝ ArmSport-ը դիմել է երևանյան թիմի մամուլի քարտուղար Գրիգոր Գրիգորյանին։
«Պատասխանել ենք, որ կողմ ենք առաջին տարբերակին ու կտրականապես դեմ ենք առաջնության ձևաչափի փոփոխմանը»,- ասաց նա։
Հարցին, թե արդյոք տարբերակն ընտրելուց զատ, ակումբը նաև բացատրե՞լ է իր ընտրությունը, Գրիգորը պատասխանեց․
«Ո՛չ, պատասխան նամակում դա չենք գրել, բայց պատճառները շատ են։ Հիմնական պատճառը, եթե հին ձևաչափին են ուզում վերադառնալ, ուրեմն Գավաթի խաղարկությունն էլ պիտի փոխվի ու պատասխան խաղեր լինեն»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հին ձևաչափին վերադառնալուն դեմ էին արտահայտվել նաև «Շիրակն» ու «Լոռին», իսկ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ArmSport-ի հետ զրույցում նշել էր, որ իր դիրքորոշումը չեզոք է, թեև սխալ է որակել գործող ձևաչափը։
Ստելլա Բաբլոյան