Ստամբուլի «Գալաթասարայի» և Նիգերիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Վիկտոր Օսիմհենի սիրելին՝ 26-ամյա մոդել Ստեֆանի Քիմ Լադևիգը, երեք ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը՝ ընդգծելով, որ ֆուտբոլիստի ընտրյալը գտնվում է հղիության 8-րդ ամսում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 14-ի ցերեկը՝ ժամը 15:10-ի սահմաններում, Ստամբուլի Էյուփսուլթան շրջանի Քեմերբուրգազ թաղամասում։ Լադևիգի վարած ամենագնացը շրջադարձի ժամանակ հետևից բախվել է առջևից ընթացող թեթև կոմերցիոն ավտոմեքենային։ Հարվածից հետո մոդելը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետևանքով նրա մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել դիմացից եկող մեկ այլ ամենագնացի։
Երկու ամենագնացի և մեկ կոմերցիոն մեքենայի մասնակցությամբ շղթայական վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն տրանսպորտային միջոցները զգալի նյութական վնաս են կրել։
Հաշվի առնելով հղիության ուշ շրջանը՝ պատահարից անմիջապես հետո Ստեֆանի Քիմ Լադևիգը կանխարգելիչ բուժզննում անցնելու նպատակով դիմել է Սարըյեր շրջանի Մասլաք թաղամասում գտնվող մասնավոր հիվանդանոցներից մեկը։ Բժշկական հետազոտությունների արդյունքում որևէ լուրջ խնդիր չի հայտնաբերվել. հաստատվել է, որ նրա առողջական վիճակը լավ է, որից հետո աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից։
Հավելենք, որ ծնունդով Բեռլինից 26-ամյա Ստեֆանի Քիմ Լադևիգը զբաղվում է մոդելային գործունեությամբ, սոցիալական ցանցերում վարում է նորաձևությանն ու գեղեցկությանը նվիրված բլոգ, իսկ զույգն արդեն մեկ երեխա ունի։





























































