Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը երկամարտում:
Մինչև 23 տարեկանների 57 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում հաջողությամբ գլխավերևում պահեց 85 կգ և 90 կգ ծանրաձողերը՝ արժանանալով փոքր ոսկե մեդալի:
Հայ ծանրորդուհին անգերազանցելի էր նաև հրում վարժությունում․ նա կատարեց երեք հաջող մոտեցում՝ գրանցելով 106 կգ, 109 կգ ու 112 կգ արդյունք և այստեղ ևս նվաճելով փոքր ոսկե մեդալ:
Երկամարտի 202 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը հռչակվեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն՝ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին:
Հիշեցնենք, որ մրցումային այս օրը՝ ժամը 17:00-ին, արդեն մեկնարկել է երիտասարդների պայքարում 70 կգ քաշային Սամվել Մարտիրոսյանի ելույթը, իսկ ավելի ուշ՝ ժամը 19:00-ին, մրցահարթակ դուրս կգան 75 կգ քաշայիններ Նարեկ Գրիգորյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:



























































