Fix Price ընկերության համահիմնադիր, միլիարդատեր Սերգեյ Լոմակինին պատկանող մոսկովյան «Ռոդինան» դարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ընթացիկ մրցաշրջանի առաջին ակումբը, որը գլխավոր մարզչի պաշտոնանկություն է իրականացրել։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ իսպանացի մասնագետ Խուան Դիասը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։
Կողմերը համաձայնության են եկել պայմանագիրը երկկողմանի խզելու շուրջ։ «Ռոդինան» շնորհակալություն է հայտնել Դիասին ու նրա շտաբին նվիրվածության, էմոցիաների և անկեղծության համար՝ մաղթելով հաջողություններ հետագա կարիերայում: Իսպանացի մարզչի հետ թիմից հեռացել են նաև նրա օգնականները՝ Խոսե Սեռանոն, Անտոնիո Սալասը, Խոսե Ռոմերոն, Խուան Էսպինարը և Կառլոս Նիետոն։
Թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել հայ մասնագետ Բարսեղ Կիրակոսյանը: Նրան կօգնեն Ալեքսանդր Դիմիդկոն և Եգոր Նովոսադովը։ Հատկանշական է, որ մոսկովյան թիմի կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Արթուր Ղարիբյանը։
Խուան Դիասը «Ռոդինան» գլխավորում էր 2025 թվականի սեպտեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում հաղթել էր Առաջին լիգայում և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել ՌՊԼ-ի ուղեգիր։ Սակայն Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնությունում գործերը հաջող չդասավորվեցին. 9 տուրից հետո «Ռոդինան» վաստակել է ընդամենը 5 միավոր (1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 6 պարտություն) և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 15-րդ հորիզոնականը։
Նշենք, որ մոսկովյան ակումբը հիմնադրվել է համանուն ակադեմիայի բազայի վրա և պրոֆեսիոնալ մակարդակում հանդես գալու լիցենզիա ստացել 2019 թվականին։ ՌՊԼ-ի 10-րդ տուրում «Ռոդինան» հոկտեմբերի 11-ին հյուրընկալվելիս ուժերը կչափի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ։




























































