Կատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա հարձակվող Լամին Յամալը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ բավականին ինքնավստահ հայտարարություններ անելով «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարի վերաբերյալ։ Իր խոսքում իսպանացին առիթը բաց չի թողել նաև խայթելու Մյունխենի «Բավարիայի» ռմբարկու Հարի Քեյնին։
Movistar Plus-ի եթերում՝ Խորխե Վալդանոյի հետ հարցազրույցի ժամանակ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը նշել է, որ ֆուտբոլային ամենահեղինակավոր անհատական մրցանակը պետք է տրվի լավագույնին, այլ ոչ թե նրան, ով ուղղակի ամենաշատ գոլերն է հեղինակել։
«Կարծում եմ՝ «Ոսկե գնդակը» պետք է ստանա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Վե՛րջ։ Այն չպետք է տրվի խաղացողի, ով 80 գոլ է խփել, որովհետև դրա համար գոյություն ունի լավագույն ռմբարկուի մրցանակը։ Դրանք լիովին տարբեր բաներ են, ինչը մարդիկ չեն հասկանում»,- ասել է Յամալը։
Ըստ իսպանացու՝ լավագույն ֆուտբոլիստը միշտ չէ, որ նաև լավագույն ռմբարկուն է.
«Լավագույնն այն ֆուտբոլիստն է, ում խաղին հետևելիս դու պարզապես վայելում ես այն։ Տեսնում ես նրան ու մտածում՝ այս տղան ակնհայտորեն առանձնանում է մյուսներից»։
Յամալի համոզմամբ՝ «Ոսկե գնդակը» կվերադարձնի իր իրական արժեքը միայն այն ժամանակ, երբ կրկին բաժին հասնի լավագույնին, «այլ ոչ թե նրան, ով ամենաշատն է խփում կամ ամենաշատ տիտղոսներն է նվաճում»։
Շատերը Յամալի այս խոսքերն ընդունեցին որպես բացահայտ ակնարկ՝ ուղղված Հարի Քեյնին։ Անգլիացի հարձակվողը վերջերս արժանացավ «Ոսկե խաղակոշիկի»՝ նախորդ մրցաշրջանում «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի կազմում բոլոր մրցաշարերում դառնալով 73 գոլի հեղինակ։
Քեյնն ու Յամալը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի և ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեի հետ միասին, համարվում են մրցանակի գլխավոր ֆավորիտները։ Վերջին օրերին, սակայն, հենց Յամալն ու Մբապեն են աչքի ընկնում իրենց գերագնահատված հայտարարություններով։
«Ես և Մբապեն աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներն ենք, բայց կարծում եմ՝ այս տարի հենց ես եմ արժանի այդ մրցանակին։ Ինձ համար դա հստակ է, և յուրաքանչյուրը, ով ֆուտբոլ է նայում, գիտի դա»,- առանց ավելորդ համեստության նշել է 19-ամյա խաղացողը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» հետ նվաճել է Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը՝ բոլոր մրցաշարերում անցկացրած 45 խաղում դառնալով 24 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ (42 արդյունավետ գործողություն)։ Սակայն, տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու նրա ամենածանրակշիռ փաստարկը, հավանաբար, Իսպանիայի հավաքականի հետ Աշխարհի առաջնությունում հաղթելն է։
























































