Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի առաջին տուրի՝ «Ինտերի» դեմ խաղից առաջ կիսվել է իր սպասումներով։
Պորտուգալացի մասնագետը, նախախաղային ասուլիսի ժամանակ խոսելով իր թիմի վիճակի, նոր ձևաչափի ու նախորդ հանդիպման մրցավարական սկանդալների մասին, ընդգծել է, որ գլխավոր նպատակը միայն հաղթանակն է։
«Ես ուզում եմ հաղթել։ Կարող էի ասել, որ ուզում եմ լավ խաղալ, բայց չեմ ցանկանում լավ խաղալ այնպես, ինչպես դա արեցինք «Բետիսի» դեմ ու պարտվեցինք։ Մենք հիմա այն փուլում ենք, որտեղ պետք է ութ հանդիպում անցկացնենք։ Գլխավոր նպատակը հաջորդ փուլ դուրս գալն է, և ես հավատում եմ, որ դա մեզ կհաջողվի։ Բայց ես վաղվա խաղին վերաբերվում եմ որպես եզակի դիմակայության, այլ ոչ թե մտածում եմ, որ դեռ յոթ հանդիպում ունենք։ Խաղալու ենք, պայքարելու ենք և ուզում ենք հաղթել։ Վստահ եմ, որ թե՛ մենք, թե՛ «Ինտերը» որակավորվելու ենք։
Մենք պարտվեցինք «Բետիսին», քանի որ չկարողացանք մեր ստեղծած պահերը վերածել գոլի, բաց թողած հնարավորություններն անոմալիա էին։ Բայց չեմ կարող չխոսել մրցավարության մասին։ Ինչո՞ւ 11-մետրանոցը չվերախաղարկվեց։ VAR-ում կանոնները չգիտե՞ն, թե՞ ուղղակի չցանկացան դա անել։ Եթե չգիտեն կանոնները, ուրեմն պետք է գնան տուն և այլևս չաշխատեն VAR-ում։ Եթե չեն վերախաղարկել, որովհետև չեն ցանկացել՝ դա ավելի վատ է։ Ես՝ որպես «Ռեալի» մարզիչ, պահանջում եմ, որ պատասխանատուներն այս հարցին պատասխան տան։
Մյուս հարցն այն է, թե ինչու մեր ավագը դեղին քարտ ստացավ։ Երբ Վինիսիուսը ցույց տվեց ավագի թևկապն ու քայլեց դեպի մրցավարը, նրան դեղին ցույց տվեցին դեռ տեղ չհասած։ Մեզ միշտ ասում են, որ ավագն իրավունք ունի քաղաքավարի մոտենալ մրցավարին և բացատրություն պահանջել։
«Բեռնաբեուում» ես Չեմպիոնների լիգա եմ հաղթել և կիսաեզրափակիչ եմ տանուլ տվել 11-մետրանոցներով։ Ես ապրել եմ և՛ լավագույն, և՛ վատագույն պահերը այս մարզադաշտում, բայց այժմ դրա մասին չեմ մտածում: «Ռեալի» պատմության մեջ սրանք երկու տարբեր ժամանակահատվածներ են։ 2013-ին ես ավարտեցի իմ աշխատանքն այստեղ. մենք տվեցինք ամեն ինչ, բայց դա փակված էջ է: Եթե հարցնեք՝ արդյոք ոգևորվա՞ծ եմ «Ռեալի» հետ կրկին ՉԼ հաղթելու գաղափարով, իհարկե, այո, բայց դա որևէ կապ չունի անցյալի հետ։
Խաղից հետո սա ինձ համար առանձնահատուկ հանդիպում կլինի, բայց խաղի ընթացքում՝ ոչ։ «Ինտերում» ինձ ընկեր են համարում՝ և՛ խաղից առաջ, և՛ հետո, բայց դաշտում ընկերություն չկա։ Կիվուն իմ ֆուտբոլիստն է եղել, ես նրան շատ եմ սիրում և ուրախ եմ նրա մարզչական հաջողությունների համար։ Մենք կգրկախառնվենք խաղից առաջ և հետո, բայց խաղի ժամանակ կտեսնենք, թե ինչ կլինի։
Վաղը Էնդրիկը կարող է խաղալ 5, առավելագույնը 10 րոպե։ Երեկ նա առաջին անգամ մարզվեց թիմի հետ և վաղուց չէր խաղացել։ Սակայն հաշվի առնելով մեր կորուստներն ու պահեստայինների նստարանին առկա տեղերը՝ նա հայտացուցակում է և, հնարավոր է, որոշակի ժամանակ ստանա հարձակման գծում»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կենտրոնական հանդիպումը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 8-ին, Մադրիդում։


























































