Սլովակիայի առաջնության 7-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով զիջեց աղյուսակի առաջատար ԴԱԿ-ին։ Սա Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանի թիմի երկրորդ անընդմեջ պարտությունն էր, որի ցուցադրած խաղամակարդակը լուրջ մտահոգությունների և սուր քննադատությունների տեղիք է տվել։ Այս մասին գրում է Sportnet-ը։
Հայ հարձակվողը մեկնարկային կազմում էր, սակայն չկարողացավ դրսևորել առաջատարի որակներ։ Առանց հաջողված դրիբլինգի և սրության՝ նա աչքի ընկավ միայն դեղին քարտով և 70-րդ րոպեին փոխարինվեց Նինո Մարչելիով։
«Սլովանն» ամբողջ խաղում ընդամենը մեկ դիպուկ հարված կատարեց։ ԴԱԿ-ն իր առավելությունն իրացրեց խաղավերջում. 78-րդ րոպեին աչքի ընկավ Ալիուն Սիլան, իսկ 90+4-ին՝ Աբդուլայե Գեյեն։ ԴԱԿ-ի կազմում հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց մրցաշարի ամենաարդյունավետ խաղացող Ամմար Ռամադանը՝ դառնալով առաջին գոլային փոխանցման հեղինակը։
Խաղին ներկա ավելի քան 8500 հանդիսականների աչքի առջև տանտերերի երկրպագուները պարզել էին անիմացիոն չարագործ Գարգամելի և սմուրֆների պատկերով հսկայական պաստառ՝ «Էլի այս անիծյալ թզուկները» գրությամբ՝ ակնարկելով մրցակցին։
Սլովանի գլխավոր մարզիչ Տուրեն հանդիպումից հետո չի թաքցրել դժգոհությունը. «Թերևս առաջին անգամ պետք է խոստովանեմ, որ թիմը վատ խաղաց։ Բացակայում էր անհատականությունը, մեր ԴՆԹ-ն ու վերահսկողությունը դաշտի կենտրոնում, ինչն ինձ շատ է բարկացնում։ Սա դաս է բոլորիս համար»։
Սլովակ փորձագետները, այդ թվում՝ նախկին ֆուտբոլիստ Ստանիսլավ Անգելովիչը, նշում են, որ «Սլովանում» ճգնաժամ է հասունանում։ Նրանց կարծիքով՝ չեմպիոնին հարիր չէ նման պասիվ խաղ ցուցադրելն ու այդքան շատ սխալներ թույլ տալը։
Յոթ տուրից հետո ԴԱԿ-ը շարունակում է անպարտելիորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը, մինչդեռ Տիգրան Բարսեղյանն ու թիմակիցները ստիպված են շտապ ուղիներ փնտրել՝ առաջատարի կարգավիճակը վերականգնելու համար։



























































