«Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնաբանել է Իտալիայի Ա Սերիայի երրորդ տուրում «Նապոլիի» նկատմամբ տարած կամային հաղթանակը (3:2)։
«Նախևառաջ, ուզում եմ առանձնացնել մեր թիմի արձագանքն այն բանից հետո, երբ հայտնվեցինք 0:2 հաշվով պարտվողի դերում։ Հանդիպման մեկնարկում փորձում էինք հավատարիմ մնալ մեր խաղային փիլիսոփայությանը՝ գործելով համարձակ ու որակով: «Նապոլին» ճնշեց մեզ ու հակագրոհից հետո գոլ խփեց, ընդ որում՝ երկու դեպքում էլ նրանց բախտը բերեց անդրադարձների հարցում», — մարզչի խոսքն է մեջբերում Calcio Napoli 24-ը:
Մասնագետի խոսքով՝ միլանյան ակումբը ճիշտ ժամանակին կարողացավ ռիսկի դիմել ու բեկել հանդիպման ընթացքը.
«Մենք չընկճվեցինք, ավելացրինք տեմպն ու փորձեցինք առավելագույնս օգտագործել եզրերը։ Դաշտում բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեինք: Գոլը, որից հետո հաշիվը դարձավ 1:2, մեզ լրացուցիչ լիցք հաղորդեց, և մենք գնացինք ռիսկի, ինչն ի վերջո արդարացրեց իրեն։ 2:2 հաշվից հետո մենք տեսանք այն, ինչ Իտալիայում գրեթե երբեք չես տեսնի. թիմերը նման սցենարի դեպքում սովորաբար բավարարվում են ոչ-ոքիով: Այս խաղի ելքը կարող էր ցանկացածը լինել»,- հավելել է Կիվուն։
Նշենք, որ այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակած 9 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
























































