Ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ հայտնի են դարձել Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վիճակահանության արդյունքները։
Հայաստանի չեմպիոն և եվրագավաթներում դեբյուտանտ «Յունիսպորտը» ընդգրկվել է «B» ուղու (Path B) 6-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու.
- «Կաունո Ժալգիրիս» (Լիտվա) – Խմբի ամենափորձառու թիմն ու Լիտվայի բազմակի չեմպիոնը:
- «Դիֆերդանժ 03» (Լյուքսեմբուրգ) – Խմբային այս մինի-մրցաշարի տանտերը:
- «Դուկաս» (Հունաստան) – Թիմ, որը հայկական ակումբի պես հիմնական փուլ է դուրս եկել նախնական որակավորման փուլը հաղթահարելուց հետո:
Հիմնական փուլի հանդիպումները կանցկացվեն հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը Լյուքսեմբուրգում: Կարևոր է նշել, որ «B» ուղում ընդգրկված խմբերից հաջորդ՝ 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճելու միայն առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմը: Միևնույն ժամանակ, ՈւԵՖԱ-ի որոշմամբ՝ երևանյան ակումբը հատուկ տեղափոխվել է 6-րդ խումբ՝ բացառելով հայ-ադրբեջանական հնարավոր հանդիպումը 5-րդ խմբում հայտնված «Արազ-Նախիջևանի» հետ:
Տպավորիչ ճանապարհ նախնական փուլում
Երևանում կայացած E խմբի նախնական փուլում հայկական թիմը գրանցել էր բացարձակ՝ 100-տոկոսանոց արդյունք։ Ալեքսանդր Դիբրիվնու գլխավորած թիմը վաստակել էր առավելագույն 9 միավոր: Երևանյան ակումբը հաջորդաբար 14-1 հաշվով ջախջախել էր իսլանդական «Ռեյկյավիկին», 5-1 հաշվով առավելության հասել էստոնական «Տալլինի» նկատմամբ և խմբի վերջին՝ վճռորոշ խաղում տպավորիչ հաղթանակ տարել Գերմանիայի չեմպիոն «Վայլիմդորֆի» նկատմամբ՝ 5-2 հաշվով:




























































