Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը վերագտնում է իր լավագույն մարզավիճակը իր իրական մակարդակից ցածր անցկացրած երկու մրցաշրջաններից հետո։
«Ռեալի» պաշտոնական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Բելինգհեմը խոսել է իր նոր դերի և պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուի ունեցած դրական ազդեցության մասին։
«Ես կրկին ինձ ավելի ազատ եմ զգում. ազատ եմ որոշելու՝ երբ նահանջել, մնալ առջևում, թե մտնել տուգանային հրապարակ»,- պարզաբանել է ֆուտբոլիստը։ «Կարծում եմ՝ սա լավագույն դիրքն է ինձ համար, որը թույլ է տալիս ցուցադրել իմ բոլոր որակները: Ես իսկապես շնորհակալ եմ մարզչին՝ ինձ վստահելու և այս ոճով խաղալու հնարավորություն տալու համար»։
Անդրադառնալով թիմի ելույթներին՝ անգլիացի կիսապաշտպանն ընդգծել է ռիթմը պահպանելու կարևորությունը.
«Շատ կարևոր է այս տեմպը զարգացնելը: Առջևում բարդ շրջան է՝ Չեմպիոնների լիգայի մեկնարկով: Խաղերը շատանում են, և լավ մեկնարկ ունենալը հիանալի է: Շատ նոր ֆուտբոլիստներ են եկել, որոնք դեռ պետք է հարմարվեն, իսկ մենք պետք է շարունակենք նույն ոգով»:
Բելինգհեմը նաև գովեստի խոսքեր է շռայլել ակումբի նորեկների հասցեին և խոսել թիմային աշխատանքից.
«Մենք լավ մարզավիճակում ենք, բոլորիս ադրենալինը բարձր է։ Մենք լավ ենք պրեսինգի դիմում, իսկ գնդակը կորցնելուց հետո այն արագ վերադարձնելն ամենակարևոր բաներից մեկն է։ Նորեկները շատ լավ տպավորություն են թողել թիմում թե՛ որպես մարդիկ, ինչն ամենակարևորն է, և թե՛ որպես ֆուտբոլիստներ։ Նրանք հիանալի են դրսևորում իրենց: Հեշտ չէ գալ մի ակումբ, որտեղ այսպիսի ճնշում կա, աշխատել նոր մարզչի և մարզչական շտաբի հետ։ Նրանք անխափան հարմարվում են այս ամենին։ Մեծ ուրախություն է նրանց այստեղ տեսնելը»։
Անգլիացին նոր մրցաշրջանը սկսել է «Էսպանյոլի» դեմ խաղում գլխով խփած գոլով, ինչպես նաև փայլուն է հանդես եկել «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում՝ երկու գեղեցիկ գոլային փոխանցում կատարելով Կիլիան Մբապեին և Վինիսիուս Ժունիորին:


























































