Մալայզիական «Ջոհոր Դարուլ Թազիմ» ֆուտբոլային ակումբը ազգային առաջնություններում անպարտելի հանդիպումների շարքով համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նոր մրցաշրջանի առաջին տուրում, որը միաժամանակ նաև Մալայզիայի Սուպերգավաթի խաղարկությունն էր, «Ջոհորը» 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Կուչինգ Սիթիի» նկատմամբ: Այս հաջողության շնորհիվ ակումբի անպարտելիության շարքը հասել է 109 հանդիպման:
Այս ցուցանիշով մալայզիական թիմը գերազանցել է կոտդիվուարական «ԱՍԵԿ Միմոզասի» պատմական նվաճումը: Աֆրիկյան ակումբը 1989-ից մինչև 1994 թվականն ընկած ժամանակահատվածում ազգային առաջնությունում չէր պարտվել 108 խաղ անընդմեջ: «Ջոհորը» նախորդ մրցաշրջանի վերջին տուրում կարողացել էր կրկնել այդ ցուցանիշը, իսկ այժմ՝ պաշտոնապես գերազանցել այն:
Նշվում է, որ Մալայզիայի 12-ակի չեմպիոնը ներքին առաջնությունում պարտության դառնությունը չի զգացել 2021 թվականի ապրիլից ի վեր: Թիմը հաղթել է նաև երկրի վերջին չորս առաջնություններում:
























































