Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Ֆրանսիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսաաշտպան Պոլ Պոգբան և մի շարք այլ մարզիկներ միացել են «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Միասին մենք կարող ենք» բարեգործական համերգի շրջանակներում անցկացվելիք բարեգործական աճուրդին:
Այս մասին հայտնում է «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամի» պաշտոնական կայքը:
Աճուրդին կմասնակցեն նաև անվանի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, Արթուր Աբրահամը, Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նիկոլյա Անելկան, հայազգի հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը, լեգենդար հայ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը և այլք:
Մխիթարյանը նվիրաբերել է իր մարզաշապիկը՝ ստորագրությամբ: Մեկնարկային գինը $800 է:
Նշենք՝ աճուրդի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում Covid19 -ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:
Հիշեցնենք՝ «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամն» աշխարհում առաջին անգամ կազմակերպել է բարեգործական համահայկական աննախադեպ ինտերակտիվ օնլայն համերգային ծրագիր, որն ուղիղ եթերում կհեռարձակվի Youtube-ում և անվճար կլինի բոլորի համար: Համերգը տեղի կուեննա մայիսի 2-ին:
Համերգին մասնակցություն կունենան ավելի քան 60 մշակութային գործիչներ Երևանից, Լոս-Անջելեսից, Լաս Վեգասից, Մոսկվայից, Բեյրութից, Բրյուսելից, Սիդնեյից, Երուսաղեմից, Տորոնտոյից: