Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոն այս ամառ կարող է վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր և հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը պատրաստ է կանաչ լույս վառել արգենտինացու վարձակալության համար, եթե նա տեղափոխվի այնպիսի թիմ, որտեղ կկարողանա ստանալ կանոնավոր խաղային պրակտիկա և շարունակել իր աճը։ Նշվում է, որ Իսպանիան և այլ երկրներ ներկայացնող ավելի քան հինգ ակումբ արդեն դիտարկում է «սերուցքայինների» երիտասարդ ֆուտբոլիստին իրենց շարքերում տեսնելու տարբերակը:
Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռեալ» է տեղափոխվել արգենտինական «Ռիվեր Փլեյթից» 2025 թվականին։ Տրանսֆերի արժեքը կազմել է 45 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2031 թվականը։
Ավարտված մրցաշրջանում արգենտինացին «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Ըստ Transfermarkt հեղինակավոր պորտալի՝ ֆուտբոլիստի ներկայիս շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։























































