Պորտուգալացի հայտնի մասնագետ Կառլուշ Կեյրուշը սոցիալական ցանցերում արած գրառումով հայտարարել է Գանայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
73-ամյա մասնագետի այս որոշումը հաջորդեց ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Կոլումբիայի հավաքականից կրած նվազագույն՝ 0:1 հաշվով ցավալի պարտությանը, որի պատճառով աֆրիկյան թիմը լքեց մունդիալը:
Կեյրուշը, ով Գանայի ընտրանին գլխավորել էր վերջերս՝ 2026 թվականի ապրիլին, հանդես է եկել հուզիչ և ոգեշնչող ուղերձով․
«Ֆուտբոլը, ինչպես և կյանքը, մեզ մեկ հավերժական դաս է տալիս. կամ դու հաղթում ես, կամ սովորում: Ես ավարտում եմ այս ճանապարհը՝ հպարտություն զգալով մեր գրանցած արդյունքներով, բայց միևնույն ժամանակ այն առողջ դժգոհությամբ, որն ունենում են միշտ ավելիին ձգտողները: Ավելի բարձր մակարդակի հասնելը երբեք չպետք է լինի վերջնանպատակ. այն պետք է դառնա մեկնարկային կետ՝ էլ ավելի հավակնոտ նպատակների համար։
«Սև աստղերի» ապագան կառուցվելու է ոչ միայն ֆուտբոլային դաշտում։ Այս թիմի հաջողությունը պետք է սկսվի խաղադաշտից դուրս՝ Գանայի ականավոր ֆուտբոլային տաղանդների նախապատրաստման, պաշտպանության և զարգացման համար լավագույն հնարավոր պայմանների ստեղծումից:
Ֆեդերացիայի նախագահին և խորհրդին հայտնում եմ իմ հսկայական շնորհակալությունը Գանայի ազգային հավաքականին ծառայելու հնարավորության համար: Ինձ համար պատիվ և արտոնություն էր ծառայել երկրին ու «Սև աստղերին»։ Իմ խաղացողներին և մարզչական շտաբին հղում եմ իմ խորին երախտագիտությունը՝ քաջության, նվիրվածության և աշխատանքի հանդեպ անսասան հավատարմության համար:
Երկրպագուներին ցանկանում եմ ասել հետևյալը. մենք դժվար թե լիովին բավարարված լինենք մարզական արդյունքներով, սակայն իրավունք ունենք հպարտությամբ հայտարարելու, որ արժանապատվորեն պաշտպանեցինք Գանայի պատիվը և «Սև աստղերին» վերադարձրինք հարգանքն ու հեղինակությունը մեծագույն ֆուտբոլային արենայում:
Շնորհակալությո՛ւն, Գանա: Ճանապարհը սկսվում է հիմա՝ դեպի ապագա»:
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում Գանայի հավաքականը հաղթել էր Պանամային (1:0), գոլազուրկ ոչ-ոքի խաղացել Անգլիայի հետ (0:0) և զիջել Խորվաթիային (1:2)՝ վաստակելով փլեյ-օֆֆի ուղեգիր, որտեղ, սակայն, չկարողացավ հաղթահարել կոլումբիացիների արգելքը:
























































