Այս օրերին հայկական ֆուտբոլին վերաբերող ցանկացած նոր ինֆորմացիայի հայ երկրպագուն սրտատրոփ է սպասում: Հասկանալի է…բոլորս կարոտել ենք ֆուտբոլը, մեր ֆուտբոլը՝ իր, երբեմն, ոչ դինամիկ, դատարկ տրիբունաներով, բայց ՄԵՐ ֆուտբոլը: Սակայն, պետք է չմոռանալ գլխավորը՝ առողջությունը:
Երեկ կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը, որի քննարկման կենտրոնում Բարձրագույն խմբի և Գավաթի խաղարկության վերսկսման վերաբերյալ հարցերն էին: Նիստի ժամանակ որոշում է կայացվել ստեղծել Բժշկական կոմիտե, Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտե: Այս թեմաների և այլ հարցերի շուրջ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը զրուցել է Առաջին Ալիքի հետ:
—Պարոն Ազարյան, հայկական ակումբները կորոնավիրուսով պայմանավորված մի շարք խնդիրների են բախվել, որոնք արդեն բարձրաձայնվել են: Ընդհանրացնելով, ի՞նչ խնդիրների է բախվել հայկական ֆուտբոլը, ի՞նչ բնույթի խնդիրներ են դրանք։
-Նախ կուզենամ նշել, որ արտակարգ դրության հաստատումից և առաջնության դադարեցումից հետո անընդհատ կապի մեջ ենք եղել ակումբների ղեկավարների հետ՝ թե՛ նամակագրության, թե՛ հեռախոսազանգերի միջոցով: Խնդիրներ կան. գլխավորը ֆուտբոլ չխաղալն է: Գաղտնիք չէ, որ ակումբները ունեն հովանավորներ: Տնտեսական սահմանափակումները ազդում են հովանավորների ֆինանսական վիճակի վրա և դա իր ուղղակի ազդեցությունն է ունենում ակումբների վրա, բայց այս 2 ամսվա ընթացքում ակումբների, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ կապի մեջ լինելով, փորձել ենք օգնել ակումբներին. հրապարակել ենք արդեն, որ թիմերը որոշակի գումարներ ստացել են ու կարծում եմ, այդ գումարներով այս 2-3 ամսվա ընթացքում ակումբների վիճակը հնարավոր կլինի կայուն պահել:
-Համավարակի ավելի տևական ձգվելու դեպքում, քննարկե՞լ է արդյոք ֆեդերացիան ֆուտբոլի վրա իրավիճակի անդրադարձի վատագույն սցենարները, և ի՞նչ օգնություն կարող են շարունակել ստանալ ակումբները:
-Ֆեդերացիայի օգնության մասին խոսելը դժվար է, քանի որ այս ամենի արդյունքում ամենաշատ տուժած կողմերից մեկը ֆեդերացիան է, եթե խոսում ենք ֆուտբոլային տնտեսության մասին: Կա տեղեկություն, որ ՖԻՖԱ-ն կարող է ակումբներին ֆինանսապես աջակցել: Փորձել ենք ներկայացնել ակումբներից ստացած թվերը՝ 2 ամսվա ընթացքում տոկոսային հարաբերակցությամբ ինչ կորուստներ ենք կրել, և առաջիկա 10-15 օրերի ընթացքում պարզ կդառնա, թե ինչ աջակցություն կարող են ստանալ ակումբները ՖԻՖԱ-ի կողմից: Ինչ վերաբերում է հետագա զարգացմանը, ամեն ինչ կախված է երկրում իրավիճակի զարգացումներից և վիրուսի տարածման հետագա տենդենցից: Այսինքն, առաջիկայում սահմանափակումների կրճատումը կամ խստացումը ուղղակիորեն ազդեցություն է ունենալու ակումբների, ֆեդերացիայի ու առաջնության հնարավոր վերսկսման վրա:
-Այս ամենի արդյունքում, ունե՞նք արդյոք ակումբ, որ կարող է փակման վտանգի առաջ կանգնել:
-Ի ուրախություն բոլորիս, այս պահին նման տեղեկություն չկա Բարձրագույն խմբում գտնվող ակումբների վերաբերյալ: Առաջին խմբի ակումբները ևս փորձում են պահել իրենց գոյությունը: Այս պահի դրությամբ, այդ թեմայով ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա:
-Երեկվա նիստում Բժշկական կոմիտե ստեղծելու մասին տեղեկության կար։ Նշվում է, որ կոմիտեի ստեղծման նպատակն է վերանայել ՀՖՖ բժշկական ծառայության գործող համակարգը։ Այս հարցն առաջ եկավ կորոնավիրուսով պայմանավորված, թե՞ համակարգն իսկապես վերանայման կարիք արդեն ուներ։ Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այդ համակարգում։
-Ո՛չ, կորոնավիրուսի հետ կապ չունի կոմիտեի ստեղծումը: Տարիներ շարունակ մեր բժշկական ծառայությունը փոփոխությունների չէր ենթարկվել: Ցանկանում ենք ձևավորել բժշկական նոր ծառայություն՝ միջազգային մարտահրավերներին ու չափանիշներին համապատասխան: Այդ պատճառով, անհրաժեշտ էր ստեղծել նոր կոմիտե, որպեսզի այն մշակի արդիականացման ու բարելավման ծարգիր և, մասնավորապես, Գործկոմին ներկայացնի հետագա զարգացման ռազմավարական ծրագիր: Բժշկական ծառայության հետագա զարգացման համար կփորձենք կենտրոնացնել և մեկ միասնական համակարգ ստեղծել ակումբային ֆուտբոլում։
-Ստեղծվեց նաև պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտե: Ի՞նչն էր պատճառը: Միգուցե, վերջին շրջանում շատացե՞լ են այդպիսի դեպքերը:
-Վերջին մեկ ու կես մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ից ազդանշաններ ու զեկույցներ էինք ստանում՝ հիմնականում Առաջին խմբում հնարավոր պայմանավորված խաղեր լինելու հետ կապված: Որպեսզի կարողանանք ամբողջ տեղեկատվությունը հավաքագրել և ձեռք բերել հնարավոր ապացույցներ, ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ աշխատանք է իրականացվելու առաջիկա ամիսների ընթացքում, յուրաքանչյուր հնարավոր դեպքի մասով Գործադիր կոմիտեի համար մշակվելու է հաշվետվություն:
-Ովքե՞ր են ընդգրկվելու կոմիտում, անդամները միայն ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչնե՞ր են, թե քննաչական մարմիններից ևս մասնագետներ կներգրավեք:
-Ոչ, միայն ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներ չեն լինելու: Լինելու է կապ և համագործակցություն իրավապահ մարմինների հետ:
-Կոմիտե ստեղծելու պահանջը ՈՒԵՖԱ-ի կողմից է, թե՞ մեր ֆուտբոլում արդեն պայմանավորված խաղերի ծավալն է ազդակ հանդիսացել։
-Դա համատեղ աշխատանքի ճանապարհային քարտեզ է՝ միջազգային պրակտիկայից ելնելով՝ ապացույցների և տեղեկատվության հավաքագրման կենտրոնացման համար: Կոմիտեում ներգրավված մասնագետները հնարավորինս ամբողջ տեղեկատվությունը պատշաճ կերպով կտրամադրեն Գործադիր կոմիտեին: Միայն դրանից հետո հավաքագրված տեղեկությունների և ինֆորմացիայի հիման վրա կկայացվեն որոշումներ:
-Անշուշտ պայմանավորված խաղերի զգալի մասը գալիս է ի սկզբանե ակումբը ձեռք բերած սեփականատերերի հեռահար նպատակներից։ Ի՞նչ գործիքակազմ ունի ֆեդերացիան, որպեսզի կանխավ ուսումնասիրի, թե ակումբների ստեղծման կամ վաճառման արդյունքում հայկական ֆուտբոլում ի՞նչ նոր սեփականատերեր են հայտնվում և ի՞նչ ծրագրերով, նաև՝ ի՞նչ կենսագրությունով։
-Այս պահին նման գործիքակազմ չկա՝ պայմանավորված խաղերը քննելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ կա ՈՒԵՖԱ-ի կամ ՖԻՖԱ-ի կողմից ներքին ցանցի միջոցով հրապարկված տեղեկատվություն այս կամ այն անձի վերաբերյալ: Ինչ վերաբերում է նորաստեղծ ակումբների սեփականատերերին և ակումբների ֆինանսավորման աղբյուրները վերահսկելուն, մինչ այս տարի չունեինք մեխանիզմ, բայց գալիք մրցաշրջանի համար առաջին խմբի համար ներդրել ենք արտոնագրման գործընթաց, և արդեն ընթանում է արտոնագրման գործընթացը: Մշակված կանոնակարգով և արտոնագրման չափանիշներով հնարավոր է վերահսկել ակումբի իրավական կառուցվածքը, սեփականատերերին և ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան: Այս պահից սկսած փորձելու ենք վերահսկել:
-Ճիշտ է, եվրոպական առաջնությունները դեռ չեն վերսկսվել, բայց խոսվում է այն մասին, որ վերսկսվելուց հետո խաղերը կանցնեն առանց հանդիսականների: Մեզ մոտ ևս կկիրառվի՞ այդ մեթոդը՝ վարակի հնարավոր տարածումից խուսափելու համար:
-Ենթադրաբար առաջնությունը վերսկսվելուց հետո կանցնի փակ դռների հետևում: Համենայն դեպս, այս պահին տիրող իրավիճակը վերլուծելով, դժվար է ակնկալել հակառակը:
Արմեն Գարամյան