UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը համոզված է՝ հավակնորդների մրցավազքում ոչ ոք չի կարող շրջանցել իրեն. հենց ինքն է արժանի հաջորդը մարտահրավեր նետելու դիվիզիոնի գործող չեմպիոն Ջասթին Գեյջիին։
Հայ մարտիկը վստահ է, որ արդարացիորեն վաստակել է այս տարի չեմպիոնական գոտու համար պայքարելու իր իրավունքը։
«Ես ուզում եմ օր առաջ մենամարտել թեթև քաշային կարգի տիտղոսի համար, քանի որ արդարացիորեն վաստակել եմ իմ տեղը վարկանիշային աղյուսակում։ Ես այստեղ եմ, և ոչ ոք չի կարող դա ինձնից խլել, քանի որ ինձնից առավել ոչ ոք արժանի չէ տիտղոսային մենամարտի։ Նրանք պարզապես պարտավոր են կազմակերպել այս մենամարտը. ես պետք է կռվեմ չեմպիոնական գոտու համար»,- հայտարարել է Ծառուկյանը։
Արմանի պահանջը միանգամայն հիմնավորված է և տրամաբանական, սակայն թեթև քաշային կարգի գոտու տիրակալն այլ ծրագրեր ունի։
Իլիա Թոփուրիային հաղթելուց հետո Ջասթին Գեյջին նախ հայտարարեց, որ այս տարի այլևս Օկտագոն դուրս չի գա, իսկ հետո բարձրաձայնեց Քոնոր Մաքգրեգորի «դեմքը ջարդելու» իր մտադրության մասին։ Այլ կերպ ասած՝ ամերիկացին առայժմ չի պատրաստվում մենամարտել ո՛չ Ծառուկյանի հետ, ո՛չ էլ ռևանշ-մենամարտ անցկացնել Չարլզ Օլիվեյրայի դեմ։




























































