Աշխարհի 2026 թվականի առաջնության A խմբում կայացան վերջին՝ երրորդ տուրի վճռորոշ հանդիպումները։
Մրցաշարի տանտերերից Մեքսիկայի հավաքականը կրկին հաղթեց և անառիկ պահեց իր դարպասը. Չեխիան դարձավ 2026 թվականի աշխարհի առաջնության տանտերերի երրորդ «զոհը»: Հանդիպումն ավարտվեց Մեքսիկայի խոշոր՝ 3-0 հաշվով հաղթանակով: 55-րդ րոպեին հաշիվը բացեց Մատեո Չավեսը, 61-րդ րոպեին Խուլիան Կինյոնեսը կրկնապատկեց այն, իսկ 90+4-րդ րոպեին Ալվարո Ֆիդալգոն ձևակերպեց խաղի վերջնահաշիվը:
Մեքսիկան ջախջախեց Չեխիային՝ ապահովելով իր երրորդ հաղթանակը խմբային փուլի երեք խաղերում։ Մեքսիկացիները հաղթեցին A խմբում և ոչ միայն միավոր չկորցրին, այլև մինչև այժմ մրցաշարում նույնիսկ գոլ չեն բաց թողել՝ ապահովելով գնդակների տպավորիչ՝ 6-0 տարբերություն:
Գոլերը` ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում պատմական արդյունք գրանցվեց։ Պատմության մեջ առաջին անգամ Հարավային Աֆրիկան դուրս եկավ 2026 թվականի Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլ՝ 1-0 հաշվով ծանրագույն հաղթանակ կորզելով Հարավային Կորեայից։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 63-րդ րոպեին հեղինակեց Մասեկոն:
Այս արդյունքներից հետո Հարավային Աֆրիկան 4 միավորով զբաղեցրեց A խմբի երկրորդ տեղը: Արդեն պարզ է, որ 1/16 եզրափակիչում աֆրիկյան ընտրանին կմրցի B խմբում երկրորդ տեղը զբաղեցրած Կանադայի հավաքականի հետ։
Հարավային Կորեան 3 միավորով A խմբում զբաղեցրեց երրորդ տեղը, ուստի դեռ պարզ չէ՝ նրանք կանցնեն փլեյ-օֆֆ փուլ որպես լավագույն երրորդ տեղ զբաղեցրած թիմերից մեկը, թե ոչ։ Չեխիայի հավաքականը 1 միավորով մնաց վերջին հորիզոնականում և ավարտեց ելույթները մունդիալում։
Գոլը` ԱՅՍՏԵՂ
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ում 1/16 փուլի եզրափակիչի ուղեգիր են նվաճում խմբերում առաջին ու երկրորդ տեղ զբաղեցրած հավաքականներն ու երրորդ տեղ գրաված լավագույն արդյունքով 8 թիմեր:
ԱԱ-2026-ի A խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































