Եգիպտոսցի 18-ամյա հարձակվող Համզա Աբդելքարիմը Կահիրեի «Ալ-Ահլիից» մշտական հիմունքներով տեղափոխվել է «Բարսելոնա»։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «կապտանռնագույններն» ակտիվացրել են ֆուտբոլիստի պայմանագրում ամրագրված հրաժարագնի կետը։ Եգիպտոսի հավաքականի խաղացողը նոր աշխատանքային պայմանագիր է կնքել կատալոնացիների հետ, որը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ տրանսֆերային գործարքի արժեքը կազմել է մոտ 1,5 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Աբդելքարիմին վարձակալել էր դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Փետրվարից ի վեր երիտասարդ հարձակվողը հանդես էր գալիս ակումբի երիտասարդական թիմում, որտեղ առաջնության 9 հանդիպումներում հասցրել էր դառնալ 6 գոլի հեղինակ։




























































