Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կիսվել է Ղազախստանի ընտրանու դեմ ընկերական խաղում խփած գոլի և ունեցած ապրումների մասին:
«Երջանիկ եմ հավաքականի կազմում դառնալ գոլի հեղինակ։ Ամեն անգամ երախտապարտ եմ հայրենի երկիրս ներկայացնելու և մեր երկրպագուների հետ այս պահերը կիսելու հնարավորության համար»,- գրել է Սպերցյանն իր տելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Հայ կիսապաշտպանը հաշվի հավասարությունը վերականգնել էր 53-րդ րոպեին՝ գեղեցիկ հարվածով պատասխանելով Գրոզնիի «Ախմատի» և Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստ Մաքսիմ Սամորոդովի խփած գնդակին:
Հանդիպումը սպասարկում էր Կիպրոսը ներկայացնող մրցավարական անձնակազմը՝ Կիրիակոս Աթանասիուի գլխավորությամբ։
Արդեն երեքշաբթի՝ հունիսի 9-ին, Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում՝ ուժերը չափելով Մոլդովայի ընտրանու հետ:


























































