Մոսկվայի «Սպարտակի» նախկին նախագահ Անդրեյ Չերվիչենկոն խոսել է Էդուարդ Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիայի ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
«Իսկ ինչո՞ւ է նրան պետք Եվրոպան, եթե նա հիանալի գումար կվաստակի Սաուդյան Արաբիայում: Ինչո՞ւ են մեկնում Եվրոպա. գումար վաստակելու համար: Թեև մեզ մոտ երբեմն ավելի շատ են վճարում, քանի որ մեզ մոտ ավելի ցածր որակի ֆուտբոլիստներն ավելի բարձր են վարձատրվում, քան Եվրոպայում՝ բարձրակարգ խաղացողները:
Այդ իսկ պատճառով Եվրոպա մեկնելն իմաստ չունի: Որպես զբոսաշրջիկ նա միշտ էլ կկարողանա տեսնել Եվրոպան: Ուստի ես դրանում որևէ լուրջ իմաստ չեմ տեսնում:
Միայն «Զենիթին» է հաջողվում Սաուդյան Արաբիայից ֆուտբոլիստ բերել, որը հետո դաշտում քայլելով է խաղում: Կարծում եմ՝ եվրոպական ակումբները հասկանում են, որ այնտեղ գնում են կարիերան ավարտելու մենթալիտետով:
Այն գումարները, որոնք այնտեղ տալիս են, այն, թե ինչպես են երես առնում ֆուտբոլիստները… առանձնապես լարվել պետք չէ, բայց դրա հետ մեկտեղ բահով փող ես դիզում: Նման մենթալիտետով դժվար է վերադառնալ Եվրոպա և ցույց տալ այն արդյունքը, որը քեզնից պահանջում են»,- Չերվիչենկոյի խոսքերն է մեջբերում «Евро-Футбол.Ру»-ն։
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը ներկայումս կրում է «Կրասնոդարի» ավագի թևկապը։























































