Նիդերլանդների ազգային հավաքականի ավագ և պաշտպան Վիրջիլ վան Դայկը հայտարարել է, որ հավաքականում իր կարիերան շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։
«Արդյո՞ք սա կլինի իմ վերջին խոշոր մրցաշարը Նիդերլանդների հավաքականի մարզաշապիկով. դեռ չգիտեմ։ Այդ մասին կմտածեմ միայն Աշխարհի առաջնության ավարտից հետո։ Դրանից հետո արձակուրդ կվերցնեմ, որպեսզի հանգստանամ և վերլուծեմ այն ամենը, ինչ տեղի է ունեցել իմ և «Լիվերպուլի» հետ վերջին մեկ տարվա ընթացքում»,- 34-ամյա պաշտպանի խոսքերն է մեջբերում NU.nl-ը։
Նշենք, որ Վիրջիլ վան Դայկը «նարնջագույնների» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 91 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։ Հյուսիսային Ամերիկայում կայանալիք Մունդիալը հոլանդացի ֆուտբոլիստի կարիերայում կլինի երկրորդը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Ռոնալդ Կումանի գլխավորած թիմն ընդգրկված է F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ճապոնիայի, Շվեդիայի և Թունիսի հավաքականները։



























































