Ֆուտբոլային հայտնի գործակալ Թիմուր Գուրցկայան կարծում է, որ «Կրասնոդարի» սեփականատեր և նախագահ Սերգեյ Գալիցկին կփորձի առավելագույնս ձգձգել թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը Սաուդյան Արաբիա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է սաուդյան «Ալ-Ահլին»։
Fonbet-ի յութուբյան ալիքի եթերում, արձագանքելով այն դիտարկմանը, թե արդյոք ինքն ազդարարել է Սպերցյանի հեռանալու մասին, գործակալը պարզաբանել է.
«Ոչ թե հեռանալու, այլ՝ հնարավոր հեռանալու: Ես ցանկանում եմ հստակեցնել. ասել եմ, որ Սաուդյան Արաբիայից կա առաջարկ, որը ֆինանսապես լիովին բավարարում է Էդիկին։ Բայց հետո, հաշվի առնելով, որ պայմանագրում հաստատագրված հրաժարագնի չափ չկա, պետք կլինի բանակցել և պայմանավորվել «Կրասնոդարի» հետ։
Քանի որ Սերգեյ Գալիցկին առայժմ այնքան էլ չի ցանկանում այս տրանսֆերն իրականացնել, նա մաքսիմալ կփորձի ձգձգել այդ գործընթացը։ Բայց, ի վերջո, ամեն ինչ կախված կլինի Էդիկի դիրքորոշումից»։
























































