«Նյուքասլ Յունայթեդի» հարձակվող Էնթոնի Գորդոնն այսօր՝ մայիսի 28-ին, կմեկնի Բարսելոնա՝ բուժզննում անցնելու և կատալոնական ակումբի հետ պայմանագիր կնքելու նպատակով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Գորդոնը Կատալոնիայի մայրաքաղաք կժամանի կեսօրից անմիջապես հետո, իսկ բժշկական հետազոտությունը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կաչաղակների» տնօրենների խորհուրդն ու ակումբի սաուդցի սեփականատերերն ընդունել են «Բարսելոնայի» առաջարկը՝ 70 միլիոն եվրո հաստատագրված գումարի չափով, որին կգումարվեն նաև լրացուցիչ բոնուսային վճարումներ։ Սպասվում է, որ տրանսֆերի ընդհանուր արժեքը կգերազանցի 80 միլիոն եվրոն։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գորդոնը «Նյուքասլի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։



























































