Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում կայանալիք «Էլ Կլասիկոյից» առաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Մադրիդի «Ռեալի» ներսում ծագած կոնֆլիկտին։
Ինչպես հայտնի է, ավելի վաղ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներ Ֆեդերիկո Վալվերդեն և Օրելիեն Չուամենին ծեծկռտուք էին հրահրել, սակայն հետագայում հրապարակայնորեն ներողություն են խնդրել իրենց պահվածքի համար և հաշտվել։ Ակումբի որոշմամբ՝ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը տուգանվել է 500 հազարական եվրոյով։
«Կյանքում նման բաներ պատահում են։ Եթե երբևէ դա տեղի ունենա այստեղ, ապա ես դրան լուծում կտամ։ Պետք է խոսել խնդիրների մասին և ճիշտ լուծել դրանք։ Գուցե այս միջադեպն ինձ մի փոքր զարմացրեց, բայց ես պետք է մտածեմ իմ ակումբի և իմ թիմի մասին։ Այլևս ոչինչ չունեմ ասելու»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ սպասվող «Էլ Կլասիկոն» կկայանա կիրակի՝ մայիսի 10-ին, և կմեկնարկի 23:00-ին։ Կատալոնական ակումբին բավական է չպարտվել այս խաղում, որպեսզի թիմը ժամկետից շուտ ապահովի Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը։



























































