Բրազիլական «Սանտոսի» աստղային հարձակվող Նեյմարը թիմի ներսում սկանդալի հեղինակ է դարձել։ Կիրակի առավոտյան կայացած մարզման ժամանակ 34-ամյա ֆուտբոլիստը կոնֆլիկտ է ունեցել թիմակցի՝ Ռոբինյոյի 18-ամյա որդու հետ։
Ինչպես տեղեկացնում է բրազիլական Globo պարբերականը, միջադեպի պատճառն այն է եղել, որ երիտասարդ վինգերը մարզման ընթացքում շրջանցել է Նեյմարին, ինչը խիստ դուր չի եկել վերջինիս։ Նախկինում «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի գույները պաշտպանած հարձակվողը թիմակցին մեղադրել է անհարգալից վերաբերմունքի մեջ և պահանջել է «ավելի հանգիստ խաղալ»։
Լեզվակռիվն արագորեն վերածվել է ֆիզիկական բախման. Նեյմարն ու Ռոբինյո կրտսերը սկսել են հրել միմյանց, ինչից հետո Նեյմարը ոտքը գցելով տապալել է երիտասարդ խաղացողին և հարվածել նրա դեմքին։
Աղբյուրի տվյալներով՝ կրքերի հանդարտվելուց հետո Նեյմարը ներողություն է խնդրել թիմակցից իր կոշտ արձագանքի համար։ Ներկայումս ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտը հարթված է համարվում։
Հավելենք, որ «Սանտոսն» իր հաջորդ պաշտոնական հանդիպումը կանցկացնի Հարավամերիկյան գավաթի խաղարկության (Copa Sudamericana) շրջանակներում՝ չորեքշաբթի՝ մայիսի 6-ին, ուժերը չափելով պարագվայական «Ռեկոլետայի» հետ։



























































