Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ 57 կգ քաշայինների մրցաշարի երրորդ տեղի համար պայքարում հայ ըմբիշը կամային գոտեմարտ է անցկացրել և 18-6 հաշվով վստահ առավելության հասել Ազամատ Տուսկաևի նկատմամբ։
Հիշեցնենք, որ հայ մարզիկն այս ստուգատեսում իր մրցելույթները սկսել էր հաջողությամբ: Որակավորման փուլի գոտեմարտում նա 12-6 հաշվով պայքարից դուրս էր մղել Գերմանիան ներկայացնող Հորսթ Լեռին, որից հետո արդեն քառորդ եզրափակիչի շրջանակում 12-1 հաշվով բացահայտ առավելության էր հասել ռումինացի Ռազվան Կովաչի նկատմամբ:
Եզրափակիչի ուղեգրի համար մղվող պայքարում, սակայն, Խնձրցյանը չէր կարողացել զարգացնել հաջողությունը։ Մրցաշարի կիսաեզրափակիչի գոտեմարտում մեր ըմբիշը 0:5 հաշվով զիջել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Մեխտիխանովին՝ ստանալով միայն բրոնզե մեդալի համար գոտեմարտելու հնարավորություն:




























































