ԱՄՆ-ի Ֆուտբոլի բարձրագույն լիգայի կանոնավոր առաջնության շրջանակներում «Ինտեր Մայամին» արտագնա խաղում ուժերը չափեց «Կոլորադո Ռեփիդզի» հետ: Դենվերում կայացած գոլառատ հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3։2։
«Ինտեր Մայամիի» կազմում հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրեց Լիոնել Մեսսին՝ դառնալով դուբլի հեղինակ։ Արգենտինացի հարձակվողն աչքի ընկավ և՛ խաղային դրվագից, և՛ 11-մետրանոց նշանակետից: Հյուրերի կազմում մեկ գոլ էլ իր ակտիվում գրանցեց Խերման Բերտերամեն։ Տանտերերի՝ «Կոլորադոյի» կազմում գոլերի հեղինակ դարձան Ռաֆայել Նավարոն ու Դարեն Յապին։
Նշենք, որ 38-ամյա Մեսսին խփեց իր պրոֆեսիոնալ կարիերայի 904-րդ և 905-րդ գոլերը։ Ավելին, MLS-ի ընթացիկ մրցաշրջանում նա ցուցադրում է ֆանտաստիկ արդյունավետություն՝ անցկացրած 7 խաղում հեղինակելով 7 գնդակ:
Այս հաղթանակից հետո «Ինտեր Մայամին» իր միավորների քանակը հասցրեց 15-ի և բարձրացավ Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ «Կոլորադոն» 12 միավորով 6-րդ տեղում է Արևմտյան կոնֆերենցիայում։
Ապրիլի 22-ին կայանալիք հաջորդ տուրում «Ինտեր Մայամին» կհյուրընկալվի «Ռեալ Սոլթ-Լեյքին», իսկ «Կոլորադոն» նույն օրն արտագնա հանդիպում կանցկացնի «Լոս Անջելեսի» հետ։


























































