Բրազիլական «Սանտոսի» հարձակվող Նեյմարն անկեղծացել է՝ նշելով, թե խաղադաշտում ինչպիսի գործելաոճն է իր համար խիստ անընդունելի։
«Ես չեմ ցանկանում լինել այնպիսի եզրային հարձակվող, որը ստանում է գնդակն ու պարզապես փոխանցում կատարում լայնքով: Եթե ես երբևէ սկսեմ այդպես խաղալ, ուղղակի հանեք ինձ խաղադաշտից և փոխարենս ուրիշին դուրս բերեք: Ես չեմ ուզում այդպիսի խաղացող լինել»,- 34-ամյա բրազիլացու խոսքերն է մեջբերում The Touchline-ը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստն իր հարազատ ակումբ վերադարձավ նախորդ տարվա սկզբին՝ հեռանալով Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալից»:
Ընթացիկ մրցաշրջանում, բոլոր մրցաշարերը միասին վերցրած, Նեյմարը «Սանտոսի» կազմում անցկացրել է 8 հանդիպում՝ արդեն հասցնելով դառնալ 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:



























































