Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը վերջին հանդիպումներում խաղում է առանց ծնկի հետ կապված խնդիրների և ֆիզիկապես իրեն լիովին առողջ է զգում: Այս մասին հայտնում է AS պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ծնկի շրջանում մշտական անհանգստությունը խաթարել էր 34-ամյա ֆուտբոլիստի խաղային ռիթմը 2025/26 մրցաշրջանի մեկնարկում։ Դա ստիպել էր նրան ևս մեկ վիրահատության ենթարկվել, քանի որ առաջին միջամտությունը չէր լուծել խնդիրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ այդ ժամանակ Կարվախալը կանգնած էր բարդ ընտրության առաջ։ Փոխանակ պահպանողական բուժմամբ վերահսկելու ցավը՝ իսպանացին որոշել էր վիրահատվել, որպեսզի կարողանա արագ ապաքինվել և իր նպաստը բերել թիմին մրցաշրջանի ամենակարևոր ու վճռորոշ հատվածում:
Հիշեցնենք, որ ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 19 հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով դեռ աչքի չի ընկել։ Նրա գործող պայմանագիրը «Արքայական ակումբի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։



























































