«Մանչեսթեր Յունայթեզի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդն իր հիացմունքն է արտահայտել կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի խաղի վերաբերյալ։
«Նա ստիպեց ինձ կրկին սիրել ֆուտբոլը։ Մարադոնա, Ռիկելմե, Վերոն. ահա թե ինչու եմ ես սիրում այս մարզաձևը: Սիրում եմ այն ֆուտբոլիստների շնորհիվ, որոնք չեն վախենում անհատական խաղի դիմել, խելահեղ բաներ են անում խաղադաշտում և գնում են ռիսկի։ Յամալը հենց այն խաղացողներից է, որոնք պատրաստ են ռիսկի դիմել և ձգտում են իսկական շոու պարգևել հանդիսատեսին»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Բացի զուտ մարզական որակներից, անգլիացի նախկին ֆուտբոլիստը գովեստի խոսքեր է հղել 18-ամյա Յամալի հասցեին նաև ֆուտբոլում և հասարակության մեջ ռասիզմի խնդրի վրա հանրության ուշադրությունը հրավիրելու համար։
Հավելենք, որ ներկայումս Լամին Յամալն ու «Բարսելոնան» ակտիվորեն նախապատրաստվում են Չեմպիոնների լիգայի շրջանակներում Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք պատասխան հանդիպմանը։


























































