Ռումինացի լրագրող Ռադու Նաումն անդրադարձել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի», ուկրաինական «Շախտյորի» և Ռումինիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի մահվան հանգամանքներին։ 80-ամյա մասնագետը կյանքից հեռացել է սրտամկանի ինֆարկտից հետո:
«Որքանով մեզ հայտնի է, Միրչա Լուչեսկուն հանկարծամահ չի եղել։ Նա ուներ ախտորոշում։ Ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք ճշմարտությունն ասել։ Մենք բոլորս գիտենք՝ ինչ ախտորոշման մասին է խոսքը։ Մեր տեղեկություններով՝ դեռ հունվարին նրա մոտ հայտնաբերվել էր լեյկեմիայի (արյան քաղցկեղի) որոշակի տեսակ, ինչը մշտապես գաղտնի էր պահվում, այդ թվում՝ մամուլից։
Կարծում եմ՝ եթե ցանկանում ենք ազնիվ լինել, ապա որոշակի պահի արժե քննարկել այս հարցը»,- Նաումի խոսքերն է մեջբերում Digi Sport-ը։
Հիշեցնենք, որ Լուչեսկուն հոսպիտալացվել էր Ռումինիայի ազգային հավաքականի մարզման ժամանակ ինքնազգացողության կտրուկ վատթարացումից հետո։
Մասնագետի մոտ ախտորոշվել էր սրտամկանի սուր ինֆարկտ, իսկ արդեն ապրիլի 5-ին նրա վիճակն էլ ավելի էր ծանրացել, ինչից հետո բժիշկները Լուչեսկուին տեղափոխել էին արհեստական կոմայի վիճակ։




























































