Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռումինացի անվանի ֆուտբոլային մարզիչ Միրչա Լուչեսկուն։
Լեգենդար մասնագետի մահվան կապակցությամբ իր սոցիալական էջերում հուզիչ գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 2010-2013 թվականներին Լուչեսկուի գլխավորությամբ հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում»։
Հայ ֆուտբոլիստը հրապարակել է համատեղ հին լուսանկար և կից կատարել հետևյալ գրառումը.
«Պարոն, դուք իմ առաջին մարզիչներից էիք՝ նա, ով ինձ հնարավորություն տվեց աճել և սկսել իմ միջազգային կարիերան։
Ես հավերժ երախտապարտ կլինեմ Ձեզ՝ մանկությանս երազանքով ապրելու հնարավորություն ընձեռելու համար։
Շնորհակալ եմ Ձեր ուղղորդման, վստահության և այն բանի համար, որ օգնեցիք ինձ կայանալ որպես այնպիսի ֆուտբոլիստ և անձնավորություն, որպիսին այսօր կամ։
Ֆուտբոլը կորցրեց իսկական ջենտլմենի և այս խաղի իսկական գիտակի։
Հանգչեք խաղաղությամբ, Պարոն։ Դուք միշտ շատ առանձնահատուկ տեղ կզբաղեցնեք իմ սրտում։ Սիրտս լալիս է…»։
Հիշեցնենք, որ Միրչա Լուչեսկուն հոսպիտալացվել էր սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ։ Իր մարզչական կարիերայի ընթացքում նա նվաճել է տպավորիչ 35 տիտղոս՝ այդ ցուցանիշով զիջելով միայն Պեպ Գվարդիոլային (40) և սըր Ալեքս Ֆերգյուսոնին (49)։



























































