«Բարսելոնայի» նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հայտնվել է ֆրանսիական ՊՍԺ-ի տրանսֆերային հետաքրքրությունների կենտրոնում։ Սակայն ակումբների միջև բանակցություններն առայժմ փակուղի են մտել վճարման պայմանների շուրջ տարաձայնությունների պատճառով։
Ինչպես հաղորդում է El Nacional-ը, փարիզյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկել է 55 միլիոն եվրո՝ գումարը տարաժամկետ (մաս-մաս) վճարելու պայմանով: «Կապտանռնագույնները» կտրականապես մերժել են այս առաջարկը՝ անընդունելի համարելով գործարքի նման ձևաչափը։
Կատալոնական ակումբի ղեկավարությունը հստակ դիրքորոշում ունի դե Յոնգի տրանսֆերի հարցում։ Ակումբը նպատակադրված է նիդերլանդցու վաճառքից ստանալ առնվազն 70 միլիոն եվրո, ընդ որում՝ պահանջում է բացառապես գումարի միանվագ վճարման տարբերակը։
Հիշեցնենք, որ Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին Ամստերդամի «Այաքսից»՝ 86 միլիոն եվրոյի դիմաց։ Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական գրանդի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։


























































