Սան Պաուլոյում նախատեսված Hype Brazil մրցաշարի գլխավոր իրադարձությունը՝ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և ամերիկացի Դիլոն Դենիսի միջև գրեփլինգի գոտեմարտը, որը պետք է կայանար ապրիլի 8-ին, չեղարկվել է։ Մենամարտի չեղարկման պատճառները չեն նշվում։
Լիգայի պաշտոնական հայտարարության համաձայն՝ միջոցառման նոր գլխավոր դեմքը կդառնա UFC-ի կիսաթեթև քաշային կարգի մարտիկ Ժան Սիլվան. նրա մրցակցի անունը կհրապարակվի ավելի ուշ։ Մրցաշարի նշանակությամբ երկրորդ գոտեմարտում գրեփլինգի իրենց հմտությունները կցուցադրեն UFC-ի թեթևագույն դիվիզիոնի ներկայացուցիչներ Դեյվեսոն Ֆիգերեդոն և Ռաուլ Ռոսաս Կրտսերը։
Դիլոն Դենիսի դեմ գոտեմարտում Ծառուկյանը պետք է պաշտպաներ Hype Fighting-ի չեմպիոնական գոտին, որը նվաճել էր նախորդ ամիս՝ հաղթելով Մուհամադ Մոկաևին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ ապրիլի 18-ին հայ մարտիկը կմասնակցի RAF ըմբշամարտի լիգայի հերթական մրցաշարին, որի շրջանակում մրցագորգ դուրս կգա խառը մենամարտերի վետերան Յուրայա Ֆեյբերի դեմ։



























































