Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ կայացած հանդիպումը։
Ապրիլի 4-ին Մադրիդում կայացած խաղն ավարտվել է կատալոնական ակումբի հաղթանակով՝ 2:1 հաշվով։
«Առաջին խաղակեսը շատ լավն էր, մենք կարող էինք ևս մեկ գոլ խփել։ Երկրորդ խաղակեսում, երբ դաշտում երիտասարդ ֆուտբոլիստներ ունեինք և մեկ խաղացողով պակաս էինք, կարողացանք արժանապատիվ ֆուտբոլ խաղալ։ Լավ էինք պաշտպանվում։ Տղաները հիանալի հանդիպում անցկացրեցին։ Այժմ մենք անհամբեր սպասում ենք Չեմպիոնների լիգայի խաղին»,- արգենտինացի մասնագետի խոսքն է մեջբերում Marca-ն։
Մարզիչը մեկնաբանել է նաև առաջին խաղակեսի վերջնամասում թիմի հարձակվող Նիկոլաս Գոնսալեսի հեռացման դրվագը.
«Նիկոյի մասնակցությամբ դրվագն առնվազն դեղին քարտ էր պահանջում, նա ուշացել էր: Չեմ կարծում, որ դա ուղիղ կարմիր քարտ էր, բայց միանշանակ երկրորդ դեղինն էր»,- հավելել է նա։
Նշենք, որ «Բարսելոնան» 76 միավորով շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ատլետիկոն» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և 57 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։
Ապրիլի 8-ին «Ատլետիկոն» ու «Բարսելոնան» կհանդիպեն կրկին, այս անգամ՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղի շրջանակում։ Հանդիպումը կկայանա Բարսելոնայում։

























































