UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հերթական գոտեմարտը կանցկացնի ըմբշամարտի RAF լիգայում։
Ինչպես հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը, ապրիլի 18-ին կայանալիք միջոցառման շրջանակներում Ծառուկյանն ուժերը կչափի UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական տիտղոսի նախկին հավակնորդ, 46-ամյա ամերիկացի Յուրայա Ֆեյբերի հետ։
Հիշեցնենք, որ մինչ այս մենամարտը հայ մարտիկը ապրիլի 8-ին կմասնակցի Սան Պաուլոյում կայանալիք Hype Brazil մրցաշարին։ Երեկոյի գլխավոր իրադարձության շրջանակում նա կպաշտպանի գրեփլինգի չեմպիոնական գոտին ամերիկացի Դիլոն Դենիսի դեմ գոտեմարտում։




























































