UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Misfits լիգայի կիսածանր քաշային կարգի չեմպիոն, ամերիկացի Դիլոն Դենիսի հետ:
Ինչպես հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը, դիմակայությունը կկայանա Բրազիլիայում անցկացվող Hype FC մրցաշարի շրջանակում՝ ապրիլի 8-ին:
Գոտեմարտը կանցկացվի «Submission Only» կանոններով, ինչը նշանակում է, որ հաղթել հնարավոր է միայն մրցակցին ցավեցնող կամ խեղդող հնարքով։ Այս դիմակայությունում խաղարկվելու է նաև կազմակերպության չեմպիոնական տիտղոսը, որը ներկայումս պատկանում է «ախալքալաքցուն»:
29-ամյա Արման Ծառուկյանը պրոֆեսիոնալ MMA-ում գրանցել է 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ) և կրել 3 պարտություն։ «Ախալքալաքցին» խառը մենամարտերում իր պրոֆեսիոնալ նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերին, իսկ UFC-ի հետ համագործակցությունը սկսել է 2019 թվականի ապրիլից։ Նա ազատ ոճի ըմբշամարտի և MMA-ի սպորտի վարպետ է:




























































