«Էվերթոնի» երկրպագու Մեթի Բիրնը բացատրել է, թե ինչու էր տոստեր բերել Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում իր սիրելի թիմի և «Չելսիի» միջև կայացած հանդիպմանը (3:0)։
Ավելի վաղ համացանցում վիրուսային էին դարձել կադրերը, որոնցում «իրիսների» երկրպագուն նշում է թիմի խփած գոլերը՝ մի ձեռքում պահելով խոհանոցային սարքի տուփը, իսկ մյուսում՝ նրբաբլիթների փաթեթը։
«Այդ երեկո ես պատրաստվում էի գնալ ընկերներիս հարսանիքին։ Չէի ցանկանում այդ ամենը թողնել բարում, ուստի պարզապես որոշեցի այդպես մտնել մարզադաշտ։
Ինչ-որ պահի տրիբունայում մեկը խնդրեց իրեն նետել տոստերը, և ես դա արեցի։ Ի վերջո, տոստերն անցավ կես մարզադաշտով, բայց հետո նորից վերադարձավ ինձ։
Այս տոստերը դեռ տուփի մեջ է։ Չեմ կարծում, թե ընկերներս պատրաստվում են այն օգտագործել»,- Բիրնի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Բացի այդ, երկրպագուն հույս է հայտնել, որ իրեն կհաջողվի տոստերով ներկա գտնվել նաև Անգլիայի առաջնության շրջանակում ապրիլի 19-ին կայանալիք «Լիվերպուլի» դեմ տնային հանդիպմանը։




























































