Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակում կայացած մադրիդյան դերբիում «Ռեալից» կրած արտագնա պարտության վերաբերյալ իր մտքերով։
Հիշեցնենք, որ լարված հանդիպումն ավարտվել էր դաշտի տերերի հաղթանակով՝ 3-2 հաշվով։
«Մենք պետք է ավելի լավ վերահսկեինք խաղի ընթացքը և այլ կերպ կառուցեինք մեր հարձակողական գործողությունները։ Վճռորոշ պահին դա մեզ մոտ չստացվեց։ Ես արդեն 4-րդ անգամ եմ նշում, թե ինչում եմ տեսնում այս հանդիպմանը տեղի ունեցածի պատճառները»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca պարբերականը։
Նշենք, որ Իսպանիայի առաջնության 29 տուրերից հետո «Ռեալը» վաստակել է 69 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ «Ատլետիկոն» իր ակտիվում ունի 57 միավոր և հանգրվանել է 4-րդ տեղում։





















































