Հայտնի ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն մեկնաբանել է շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մոտ է կատալոնական ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը։
«Վերջին օրերին շատ լուրեր են պտտվում, որ Լևանդովսկին ևս մեկ մրցաշրջան կմնա «Բարսելոնայում»։ Իրականում իրավիճակը հետևյալն է. Ռոբերտի գործակալը Պինի Զահավին է, որը նաև Հանսի Ֆլիկի ներկայացուցիչն է և աշխարհի ամենաազդեցիկ գործակալներից մեկը։ Նա հիանալի հարաբերություններ ունի «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ։ Զահավիի հետ հանդիպումների ժամանակ նախևառաջ քննարկվել է Հանսի Ֆլիկի նոր պայմանագրի հարցը»,- նշել է Ռոմանոն իր յութուբյան ալիքում։
Ինսայդերը հիշեցրել է, որ Լապորտան վերջերս հայտարարել էր, թե Ֆլիկը շուտով նոր պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականը։ Եվ հենց այդ հանդիպումների ընթացքում էլ արծարծվել է լեհ հարձակվողի ապագան.
«Այդ բանակցությունների ընթացքում ակումբն ու ֆուտբոլիստը դիտարկել են պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությունը։ Սակայն այս պահի դրությամբ որոշում կայացված չէ, համաձայնություն չկա, և հարցը փակված չէ։
Լևանդովսկին և նրա թիմը մի քանի տարբերակ են դիտարկում։ Այնպես որ, նա կարող է մնալ «Բարսելոնայում» ևս մեկ մրցաշրջան, բայց դա հաստատ չէ։ Նա կարող է մնալ Եվրոպայում, որտեղ կան նրանով հետաքրքրված ակումբներ, կամ տեղափոխվել Սաուդյան Արաբիա. այնտեղ նրան սպասում են թիմեր, որոնք արդեն երեք տարի է՝ ցանկանում են ձեռք բերել նրան։ Չպետք է մոռանալ նաև MLS-ի մասին, քանի որ Ռոբերտն այնտեղից ևս առաջարկներ ունի»,- հավելել է Ռոմանոն։
Ամփոփելով խոսքը՝ ինսայդերն ընդգծել է, որ վերջնական որոշումը կայացնելու է անձամբ ֆուտբոլիստը, իսկ գործակալներն ընդամենն աշխատում են նրան բոլոր հնարավոր տարբերակներն առաջարկելու ուղղությամբ։



























































