Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին 2010 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած Մունդիալն անվանել է պատմության վատագույն աշխարհի առաջնությունը։
«ՀԱՀ-ում կայացած մրցաշարից ավելի վատը հնարավոր չէ պատկերացնել։ Այն երբեք չի ընկալվել որպես աշխարհի առաջնություն։ Մենք գնում էինք ԱՄՆ-ի դեմ խաղին, որն առաջինն էր մեզ համար։ Շուրջբոլորը խավար էր, ոչ մի երկրպագու չկար։ Սովորաբար աշխարհի առաջնությունների ժամանակ երկրպագուներն ամենուր են, և տոնական մթնոլորտ է զգացվում։ Իսկ այնտեղ կարծես ամեն ինչ մեռած լիներ, ոչինչ չկար։ Դա ընդհանրապես նման չէր աշխարհի առաջնության»,- Ռունիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա առաջիկա ամռանը՝ երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի համատեղ հյուրընկալմամբ։
Մրցաշարի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է։ 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչի շրջանակում արգենտինացիները մրցեցին Ֆրանսիայի ընտրանու հետ։ Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 3-3 հաշվով, սակայն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին հարավամերիկացիները (4-2)։
























































