«Բարսելոնայի» դարպասապահ Ժոան Գարսիան խուսափել է ձախ ոտքի սրունքի մկանի պատռվածքից։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ անգլիական «Նյուքասլի» դեմ պատասխան խաղում (7:2) Գարսիան ոտքի ցավերի պատճառով 82-րդ րոպեին փոխարինման էր խնդրել։ Նրա տեղը դարպասում զբաղեցրել էր Վոյցեխ Շչեսնին։ Ավելի ուշ լրատվամիջոցները գրում էին, որ դարպասապահի մոտ ախտորոշվել է մկանային պատռվածք, ինչի պատճառով նա կարող է շարքից դուրս մնալ մի քանի շաբաթով։
«Այսօր իրականացված բուժզննման արդյունքներով՝ Ժոան Գարսիան վնասվածք չի ստացել և պատրաստ կլինի մասնակցել թիմի առաջիկա հանդիպմանը»,- նշվում է ակումբի X-ի էջում արված հայտարարության մեջ։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գարսիան «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում, բաց է թողել 35 գոլ և 14 անգամ դարպասը պահել անառիկ։ Դարպասապահի գործող պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2031 թվականը։ Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 40 մլն եվրո։



























































